«Այսօր ես քաղաքական էջը իմ համար փակել եմ,- նոյեմբերի 17-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով,- Բայց իմացեք, որ բարեգործական էջը ավելի ընդլայնել, ավելի հզորացրել եմ»: Ծառուկյանը պարզաբանել է, որ դրանով ինքն ապացուցում է, որ իր կողմից իրականացվող բարեգործությունը կապ չունի քաղաքականության հետ, և նախկինում էլ զբաղվելով բարեգործությամբ, ինքը նպատակ չի ունեցել այն օգտագործել քաղաքական նպատակներով, ինչպես որ պնդում էին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ընդհանրապես Ծառուկյանի ասածներին դժվար է հավատալ, որովհետև մինչև փետրվարի 12-ը ինքը ուրիշ բան էր հայտարարում, խոսում էր երկիրը փրկելու վճռական մտադրության մասին, իր կողմից ղեկավարվող հասարակական-քաղաքական շարժումը հաղթական ավարտի հասցնելու մասին, բայց թե ինչ տեղի ունեցավ հետագայում՝ բոլորի աչքի առաջ է: Հիմա էլ 100-հազարական դրամ բաժանելով ուսանողներին՝ դժվար է ասել, թե Ծառուկյանը հետագայի ինչ ակնկալիքներ ունի իրենց երախտագիտությունը հայտնող երիտասարդներից:
Եթե Ծառուկյանը իսկապես ցանկանար փակել քաղաքական էջը, ապա դրա լավագույն միջոցը պատգամավորական մանդատից հրաժարվելը կլիներ: Հրաժարվելով կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոններից՝ Ծառուկյանը շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, և որքան էլ տարօրինակ է, նա շարունակում է մնալ ԲՀԿ խմբակցության անդամ, թեև լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր՝ Դավիթ Քոչարյանի կամ Մուշեղ Պետոյանի նման կարող էր դուրս գալ նաև խմբակցությունից: Ծառուկյանի ինչի՞ն է պետք պատգամավորական մանդատը, եթե նա նույնիսկ մեկ օր չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: Պահելով պատգամավորի մանդատը՝ Ծառուկյանը շարունակում է բաց պահել քաղաքական էջը, և հենց պատգամավորական մանդատն է, որ նրան ցանկացած պահի քաղաքականություն վերադառնալու հնարավորություն կտա:
Հավատալ, որ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաները մեկ օրում հօդս ցնդեցին, որ նա հրաժեշտ տվեց այն երազանքներին, որոնք ուներ մինչև փետրվարի 12-ը՝ իհարկե միամտություն կլինի, այնպես, ինչպես միամտություն կլինի հավատալ, որ Ծառուկյանը շարունակում է անշահախնդիր բարեգործություն անել և նույնքան անշախախնդիր դրանք գովազդել իր կողմից ֆինանսավորվող հեռուստատեսությամբ, դրանով հայ հանրությանը հերթական անգամ ցույց տալով, որ Ծառուկյանին պետք չէ մոռացության մատնել:
Եթե Ծառուկյանն իսկապես փակել է քաղաքականության էջը և ուզում է, որ հանրությունը հավատա դրան, ապա դրա լավագույն միջոցը կարող է լինել պատգամավորական մանդատից հրաժարվելը և այդ ընտրատարածքում կազմակերպվող ընտրություններին չմիջամտելը: Բայց Աբովյանի քաղաքապետի ընտրությունները և Կոտայքի մարզպետի նշանակումը ցույց տվեցին, որ Ծառուկյանը առայժմ համակարեպվել է մարզային մասշտաբի քաղաքական գործչի դերակատարությանը: Իսկ որ հարմար առիթի դեպքում նա կրկին կփորձի բացել քաղաքականության էջը, դրա ականատեսը մենք կլինենք ապագայում:
















































