Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունը դիտարկում է 40 երկիր։ Այս մասին ասվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակած հոդվածում, որը հրապարակել է «Ռոսիյսկայա գազետան»։
«Համանման համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը դիտարկում է ևս 40 երկիր»,- հայտարարել է Պուտինը՝ հիշեցնելով, որ նման համաձայնագիր կնքվել է ԵՏՄ-ի և Վիետնամի միջև։
Նախագահը նշել է, որ երկար ժամանակ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական աճի շարժիչ ուժ է եղել առևտուրը։
«Սակայն սակագնային ազատականացման արդյունքի նվազման հետ ակնհայտ դարձավ, որ պետք են հավելյալ պայմանավորվածություններ, որոնք կընդգրկեն ծառայություններ, ներդրումներ, ոչ սակագնային պատնեշներ, մրցակցային քաղաքականություն և սուբսիդիաներ։ Բնականաբար, առանց բարդ բանակցությունների՝ փոխադարձ փոխզիջումների հասնել հնարավոր չէ»,- ասել է նա։
Պետության ղեկավարը նման իրավիճակից հնարավոր ելք է համարել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խորացումը։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը՝ Մանիլայում (Ֆիլիպիններ)։






































