Ընթացիկ տարում ավելի քան 146 000 մարդ լքել է Աֆղանստանը՝ հիմնականում մեկնելով Գերմանիա: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչության զեկույցի տվյալներին:
Երկուշաբթի Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատը Աֆղանստանի ԱԳՆ ղեկավար Սալահուդին Ռաբանիից և փախստականների ու հայրենադարձության հարցերով նախարար Սաիդ Բալհիից պահանջել է պատասխանել պաշտոնյաներին՝ ինչու է երկիրը լքողների թիվը կտրուկ ավելացել: Նշվում է, որ երկու նախարարներն էլ ուշադրությունը կենտրոնացրել են անվտանգության խնդրի և աշխատանքի տեղավորման համար հնարավորությունների բացակայության վրա:
Աֆղանստանի տարածքում գործում է «Թալիբան» արմատական շարժումը, կառավարական զորքերը մշտապես գրոհայինների դեմ պայքարին ուղղված հատուկ գործողություններ են իրականացնում: Հաճախ այդ հակամարտությունների զոհ են դառնում խաղաղ բնակիչները:







































