Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհրաժեշտ է մշակել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու ընդհանուր ռազմավարություն: Այս մասին նորվեգական Dagens Næringsliv թերթին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը:
«Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհրաժեշտ է ընդհանուր ռազմավարություն համաձայնեցնել, այլ լուծում ես չեմ տեսնում,- նշել է Յագլանդը:- ԴԱԻՇ-ին կանգնեցնել կարելի է միայն ռազմական միջոցներով: ԴԱԻՇ-ին չզսպած՝ հնարավոր չէ Սիրիայում հասնել քաղաքական լուծման: Ինչպիսին կլինի այդ լուծումը՝ պարզ կլինի երկխոսության ընթացքում»:
Նոյեմբերի 14-ին Վիեննայում տեղի ունեցած Սիրիայի հարցով բազմակողմ բանակցությունները Յագլանդն անվանել է կառուցողական՝ նշելով, որ ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները «համակարծիք են, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերահսկողության տակ վերցնել իրավիճակը»:
«ԱՄՆ-ը և Ռուսաստանն ընդհանուր նպատակներ ունեն՝ ոչնչացնել ԴԱԻՇ-ին և կայունություն ստեղծել: Ոչ ոք շահագրգռված չէ քաոսի խորացմամբ, որը տիրում է տարածաշրջանում,- նշել է Յագլանդը:- Արձագանքները մենք արդեն լսում ենք Եվրոպայում: Եթե այսպես շարունակվի, աղետն անխուսափելի է»:







































