Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար Սիրիայում անհրաժեշտ են հավաքական գործողություններ։ Դրա մասին G20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Անկասկած է, որ այդ ոլորտում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև համագործակցությունն ունի կրիտիկական նշանակություն։ Սակայն, կարևոր է ոչ միայն համագործակցությունը։ Կարծում եմ, որ Սիրիայում ռուսական գործողությունները պետք է ավելի շատ կենտրոնացված լինեն ԴԱԻՇ-ի դեմ։ Ընդդիմության դեմ ակցիաները կհանգեցնեն փախստականների նոր հոսքի։ Մենք արդեն իսկ որոշակի ազդանշաններ ենք ստանում, որ դա սկսվել է։ Սիրիայում միջազգային հանրության ու Ռուսաստանի միջև համագործակցությունը չափազանց կարևոր է ոչ միայն ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, այլև՝ փախստականների խնդիրների լուծման տեսանկյունից»,- ասել է Տուսկը։
Տուսկը G20-ի առաջնորդներին կոչ է արել ավելի վճռական գործողություններ ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։









































