Ի պատասխան հանրային այն մտահոգություններին, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվորեն բերել պայմանավորվածության դաշտ և Հայաստանից ստանալով տարածքների զիջման համաձայնություն՝ դրանով Ադրբեջանին գրավել Եվրասիական միություն, պաշտոնական Երևանը իր փաստարկներում հիշատակում է այն, որ կարգավորման որևէ սկզբունքի առանձին դիտարկումն անընդունելի է:
Ընդ որում, Երևանն իհարկե արդարացիորեն մատնանշում է նաև, որ դա անընդունելի են համարում նաև Մինսկի խմբի համանախագահները: Օրինակ՝ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ առանձին վերցրած որևէ մեկ սկզբունքի դիտարկումը չի կարող բերել կարգավորման: Ի դեպ Ուորլիքը դա ասել է ոչ թե տարածքների վերադարձի, այլ խաղաղապահների տեղակայման սկզբունքի մասին: Վերջին հաշվով, հակամարտության կարգավորման գործընթացի երկու տասնամյակի ընթացքում սկզբունքները, կետերը, առաջարկները հիմնական հատկանիշներով եղել են նույնը, անվանվել տարբեր կերպ` վերջին անվանումն է Մադրիդյան սկզբունքներ: Դա կմնա՞ վերջին անվանումը, թե ոչ՝ այսօր երևի թե այնքան էլ հռետորական հարց չէ, քանի որ քիչ հավանական չէ համանախագահների նոր առաջարկությունների հանգամանքը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ ողջունելի է մինչև տարեվերջ Սարգսյան-Ալիև հանդիպման հավանականությունը, և նա հույս է հայտնել, որ նախագահները դրական կընդունեն Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկները: Ինչպիսին կլինեն այդ առաջարկները կամ հատկապես ինչին կվերաբերեն՝ դեռ պարզ չէ, բայց ավելի ու ավելի է մեծանում հավանականությունը, որ նոր առաջարկներ կլինեն: Հավանաբար հենց այդ հարցերն են քննարկվել նաև Գերմանիայի հետ, որը 2016 թվականից կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը:
Բանն այն է, որ Մինսկի խմբի պրակտիկայում կարծես թե չկա համանախագահների և ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել պատրաստվող պետության իշխանության խորհրդակցություն այդ նախագահությունից երկու ամիս առաջ: Հետևաբար այստեղ քննարկելու բան իսկապես կա, և միգուցե ԵԱՀԿ շրջանակում իսկապես պատրաստվում է ինչ-որ բան: Սակայն այստեղ խոսքը կարող է վերաբերել ոչ թե հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների բովանդակային փոփոխությանը, այլ հակամարտության կարգավորման բուն գործընթացում որոշակի ամրագրումների, կապված օրինակ հրադադարի պահպանման հետ: Համանախագահները վերջին շրջանում հատկապես շեշտադրում են այդ հանգամանքի վրա կենտրոնացվածությունը:
Սակայն ակնհայտ է նաև, որ առայժմ չկա որևէ արդյունք, և եթե չլինեն էապես նոր նախաձեռնություններ, արդյունք հազիվ թե լինի նաև ապագայում, ինչն էլ նշանակում է, որ Ադրբեջանը կշարունակի պարբերաբար իրականացնել մահաբեր սադրանքներ՝ կանգ չառնելով նաև այն հանգամանքի առաջ, որ հայկական կողմից ստացված պատասխանների հետևանքով ունենում է անհամեմատ ավելի մեծ կորուստներ: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը հանգում է մի բավական նուրբ հանգամանքի: Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար հրադադարի խախտումները միջոց են ճնշման, որպեսզի և Հայաստանը, և համանախագահները գան այն մտքին, որ Ադրբեջանին պետք է բավարարել խիստ կոնկրետ քայլերով, այսպես ասած՝ նյութականացված քայլերով, ինչում առաջնայինն, իհարկե, տարածքներն են: Հայաստանը տեղի չի տալիս այդ ճնշումներին, իսկ Մինսկի խո՞ւմբը:
Թվում է, որ եթե Հայաստանը տեղի չի տալիս, ապա Մինսկի խումբը, որ շատ ավելի, բազմապատիկ հզոր է, անկասկած չի էլ զգա Ադրբեջանի ճնշումը: Սակայն այստեղ իրավիճակը կարող է լինել պարադոքսալ կերպով տարբեր, լիովին հակադիր: Մինսկի խումբը հզոր է, երբ ընդհանուր շահերն ու ռազմավարությունը գերակա են, կազմում են ավելի շատ ծավալ, քան տարաձայնություններն ու մրցակցությունը: Մինչդեռ ներկայումս, մեղմ ասած, մեծ է հակառակի հավանականությունը և Մինսկի խմբում տարաձայնությունները թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական իմաստով շատ մեծ են: Եվ այդ պայմաններում խմբի դիմադրողականությունն ընկնում է, այն պարզ պատճառով, որ իր տեղը զիջում է ներքին մրցակցությանը:
Այսինքն՝ Մինսկի խմբում ընդհանրական է այն մոտեցումը, որ խմբի ֆորմատը բոլոր երեք համանախագահներին ձեռնտու է, քանի որ ինչ-որ առումով յուրահատուկ միջազգային ֆորմատ է: Սակայն դրանից բացի, այդ ֆորմատում ձեռնտու այլ բան երեք համանախագահները չունեն, այսինքն՝ խոսքը համատեղ ձեռնտու բանի մասին է: Եվ այդ դեպքում Մինսկի խումբը խոցելի է դառնում առաջին հերթին հենց իր իսկ անդամների դիրքերից, ինչն էլ փորձում է օգտագործել Ադրբեջանը: Հայաստանն էլ կարող էր դա օգտագործել, եթե վարեր ինքնուրույն քաղաքականություն: Բայց Հայաստանը հայտնվել է Մինսկի խմբի համանախագահներից մեկի` Ռուսաստանի թելադրանքի գոտում, զրկված լինելով մանևրի հնարավորությունից կամ մանևրելով արդեն ոչ թե իր, այլ ռուսական ռազմավարության շրջանակում:
Այս պայմաններում ստացվում է, որ Մինսկի խմբի որևէ նոր առաջարկ հավանության պետք է արժանանա ոչ թե Ադրբեջանում և Հայաստանում, այլ Ադրբեջանում և Ռուսաստանում, այսինքն՝ հենց առաջարկն անողներից մեկը ինքն էլ պետք է Ադրբեջանի հետ հավանության արժանացնի այդ առաջարկը: Այսինքն՝ Մինսկի խմբում ակնհայտորեն խախտվել է հավասարակշռությունը: Ասել կուզի՝ ղարաբաղյան գործընթացում Ռուսաստանը ոչ միայն ռազմական ուժերի բալանսն է խախտել տարածաշրջանում, այլ նաև կարգավորման դիվանագիտական գործընթացի բալանսը:
Այս դեպքում արդեն կարգավորման գործընթացի վերաբերյալ որևէ առաջարկ կենսունակ լինել չի կարող՝ գոնե երկարաժամկետության առումով, քանի դեռ չեն արվել և կենսագործվել գոնե դիվանագիտական հավասարակշռությունը վերականգնող կենսունակ առաջարկներ:











































