Փարիզի դատախազությունը քրեական գործ է բացել «սպանություն՝ կապված ահաբեկչության հետ» հոդվածով՝ քաղաքում մի շարք հարձակումներից հետո: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:
Նրա խոսքով՝ հետաքննություն կանցկացվի 6 դեպքերի հետ կապված, որոնց հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ:
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան «անողոք» կլինի հարձակումների բոլոր պատասխանատուների հանդեպ:
«Բատակլան» թատրոն այցից հետո, որտեղ հարձակման հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, Օլանդը հարձակումներն անվանել է «գարշելիություն և բարբարոսություն»:
Դատախազության վերջին տվյալներով՝ 8 հարձակվող մահացել է, նրանցից 7-ը մահապարտ են եղել:
Ավելի վաղ Ֆրանսիայի ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, երկրի սահմանները փակվել են:
Փարիզի բնակիչներին կոչ են արել փողոց դուրս չգալ: Մոտ 1500 զինվորական է ուղարկվել քաղաքի տարբեր շրջաններ:










































