Ֆրանսիայի սահմանների անվտանգությունը կապահովեն 30 հազար ոստիկաններ՝ կլիմայի փոփոխության հարցերով COP-21 ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ընթացքում: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևին:
«Նոյեմբերի 13-19-ը ոստիկանները սահմաններին կիրականացնեն շարժական և ընտրողական վերահսկողություն, որը ոչ մի կերպ չի սահմանափակի սահմանի մոտ բնակվող բնակիչների տեղաշարժը: Մենք պատրաստվում ենք միջոցառումներից 10 օր առաջ խստացնել վերահսկողությունը, որոնք տեղի կունենան նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը, իսկ համաժողովի մեկնարկից 4 օր առաջ վերահսկողությունն առավել պարբերական կլինի»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ 26 հազար ոստիկաններ կներգրավվեն Հասարակական անվտանգության կենտրոնական ծառայությունից, իսկ 4 հազարը՝ սահմանային ոստիկանության կենտրոնական վարչությունից:
«Մենք չենք փակի սահմանները՝ ի հեճուկս նրանց, ովքեր փորձել են օգտագործել նման որոշումը նախընտրական քարոզարշավի նպատակների համար: Մենք պատրաստվում ենք սահմանային վերահսկողություն սահմանել մեկ ամսվա ընթացքում՝ ինչպես դա նախատեսվում է շենգենյան օրենսգրքի՝ սահմանների մասին 23-25-րդ հոդվածներով՝ մեր տարածք սպառնալիք ներկայացնող անձանց ներթափանցումը կանխելու նպատակով»,- ընդգծել է Կազնևը:










































