Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ նոր գործընթացի մասին լուրերը ստահոդ են և որևէ կապ չունեն իրականության հետ։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Սահմանադրական փոփոխությունների արդյունքների մասին կարելի է խոսել միայն հանրաքվեից հետո: «Դեկտեմբերի վեցի երեկոյան պարզ կլինի` ով ինչ է ասել»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից հետո ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Հայաստանում քննարկվել է ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու տարբերակը, Շարմազանովն ասել է. «Հայաստանի իշխանությունների կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ հստակ է ու անփոփոխ: Խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր: Խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում»,- նշել է Շարմազանովը։









































