«Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ոչ վաղ անցյալում Սերգեյ Լավրովի այցի ֆոնին հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությանը, որն առնչվում է ԼՂ-ին հարակից շրջաններն Ադրբեջանին հանձնելու հնարավորությանը, խորհուրդ է տվել չթեժացնել իրավիճակն ու դիմել բաց աղբյուրներին։
Զախարովան ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, հայտարարել է. «Ես ոչինչ չեմ կարող հավելել նրան, ինչի մասին Սերգեյ Լավրովը շատ մանրակրկիտ հայտարարել է բաց մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 9-ին։ Նա մանրամասնորեն անդրադարձել է հարցին, այդ թվում նաև բանակցային գործընթացին, այն հարցերին, որոնք քննարկվել են։
Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ պետք չէ բորբոքել իրավիճակը։ Իսկապես անհրաժեշտ է դիմել սկզբնաղբյուրներին, ռուս նախարարի խոսքերին։ Այդ ամենը հրապարակված է կայքում»։
Նրա խոսքերով՝ ռուսական կողմն ամենասերտ շփումների մեջ է հայ գործընկերների հետ, իսկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով՝ բնականաբար նաև ադրբեջանցի գործընկերների հետ։
«Մենք ոչինչ չենք անում, որը կարող է վնասել երկու կողմին։ Մեր առաջադրանքը բազմիցս հաստատվել է, այն հրապարակավ է, այն ձևավորված է և կենտրոնացած է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր մոտեցումների վրա։
Այդ մոտեցումները չեն փոխվել և ես կարող եմ միայն հաստատել դա։ Հուսով եմ, որ ինչ-որ կերպ հանգստացրեցի հայկական ԶԼՄ-ներին»,- ասել է Զախարովան։










































