Մինչ դեկտեմբերի 1-ին սպասվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի «բռնաբարելու» և «գլխատելու» սպառնալիքների առթիվ, այսօր վարչական դատարանում նոր վճիռ է կայացվելու նրա դեմ։
Մեզ հայտնի է դարձել, որ դեռ հուլիս ամսին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դատի է տվել պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, և այս տարվա մարտին վարչական տույժ նշանակելու որոշմամբ 300 հազար դրամ տուգանք է պահանջում։ Մինչ այժմ պատգամավորը հրաժարվել է վճարել այդ գումարը։
Այսօր երեկոյան վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը հրապարակելու է պատգամավորի գործով վճիռը։
Չնայած դատաքննությունն արդեն մեկ ամիս է՝ ընթանում է, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե տեղյակ չէ ոչ մի դատական գործի ու տույժի մասին։ «Քննվում ա, թող քննվի, ես պարտք ու պահանջ չունեմ, եթե խախտում եմ արել, ուրեմն պետք ա վճարեմ, ինչի՞ մասին ա խոսքը»,- հայտարարեց Առաքել Մովսիսյանը՝ հավելելով. «Երկրի գործերը թողած՝ ընկել եք մեր հետևից։ Թող դատ լինի, ի՞նչ անենք»։
ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարվեց պատասխանել դեկտեմբերի 1-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովից սպասումների մասին հարցին։
Լուսանկարը` Ժողովուրդ-ի











































