Apple կորպորացիան հաջորդ տարի կարող է ներկայացնել բջջային հավելված, որը հնարավորություն կտա վայրկենապես գումարներ փոխանցել և գնումներ կատարել Apple-ի թողարկած բջջային սարքերի միջոցով՝ չօգտագործելով կանխիկ կամ բանկային քարտեր: Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակը:
Պարբերականի աղբյուրների տեղեկությամբ՝ ներկայում ընկերությունը բանակցում է ամերիկյան ֆինանսական ընկերությունների հետ՝ փնտրելով այնպիսիք, որոնց հետ կարող է համագործակցել հավելվածի ստեղծման գործում: Խորհրդակցություններ են անցկացվում, մասնավորապես, JP Morgan Chase-ի, Capital One Financial-ի, Wells Fargo-ի և U.S Bancorp-ի հետ:
Նոր համակարգի տեխնիկական բնութագրերի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ հավելվածը կարող է կապված լինել ընկերության Apple pay վճարային համակարգի հետ:











































