Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ 2016 թվականին ԵՄ-ի հետ ստանալու համար ոչ վիզային ռեժիմ։ Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի գծով Եվրոպական խորհրդարանի զեկուցող Անդրեյ Մամիկինը:
«Ակնկալվում է Եվրոպական հանձնաժողովի շատ դրական զեկույցը, որը կհրապարակվի մինչև ընթացիկ տարեվերջ։ Եվ գործնականում 99 տոկոսով կարելի է ասել, որ ոչ վիզային ռեժիմը կներդրվի հաջորդ տարի։
Մոլդովան ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ է ստացել նախորդ տարի, իսկ Վրաստանը՝ ոչ։ Կար որոշակի անարդարություն, որովհետև այդ երկրները միմյանց հետ համեմատելի են տարածքային բնակչության, տարածքային խնդիրներ ունենալու, աշխարհագրական դիրքի ու աշխարհաքաղաքական նշանակության տեսանկյուններից»։
Նա կարծիք է հայտնել, որ Մոլդովան Վրաստանից շուտ ոչ վիզային ռեժիմ ստացել է բավական ուժեղ ռումինական լոբբիի շնորհից, ինչպես նաև այն պատճառով, որ Մոլդովայի գրեթե մեկ միլիոն քաղաքացիներ ունեն նաև Ռումինիայի քաղաքացիություն և համապատասխանաբար առանց դրա էլ կարող էին ազատ շրջել ԵՄ-ում։
Մամիկինն ընդգծել է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ նոր ասոցացված երեք երկրների թվում բացարձակ առաջատար է, ինչը վերաբերում է թե՛ ԵՄ-ի կանոնների հետ ներդաշնակեցված օրենքների քանակի, թե՛ իր տարածքում իրականացվող նախագծերի թվով։
Մամիկինը կարծիք է հայտնել, որ միանշանակ է, որ 2016 թվականին Ուկրաինան չի ստանա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացում, և քիչ հավանական է համարել, որ ԵՄ-ը վիզային ռեժիմը կվերացնի Թուրքիայի համար։










































