Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում երրորդ օրն է՝ չեն դադարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները: Այս մասին հայտնում է TASS-ը:
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը հաստատած Էներգետիկայի կարգավորման հարցերով ազգային գործակալության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ընդդիմադիր «Մեր կուսակցության» մոտ 1000 ակտիվիստներ:
Ցուցարարները «Սակագների իջեցում», «Հրաժարական», «Մոլդովա, արթնացիր» պաստառներով անցել են Քիշնևի գլխավոր փողոցներով: Ակցիան խաղաղ է ընթանում, ցուցարարների մուտքը շենք արգելափակում են ոստիկանների մի քանի շարքեր:
«Մարդիկ չեն կարող այդպիսի սակագներ վճարել: Այսօր դրանք սահմանում են օլիգարխները, իսպանացիները (Gas Natural Fenosa բաշխիչ ընկերության տերը), ով ասես, միայն ոչ ժողովուրդը: Էլեկտրացանցերը պետք է նորից դառնան պետության սեփականությունը»,- հավաքվածների առաջ հայտարարել է «Մեր կուսակցության» փոխնախագահ Նիկոլայ Ցիպովիչը: Նա զգուշացրել է, որ եթե իշխանությունները մինչև այս շաբաթվա վերջ սակագները չնվազեցնեն, ցուցարարները կարգելափակեն ճանապարհները:








































