Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ մեկ բարել նավթի գինը մինչև 2020 թվականը կհասնի 80 դոլարի՝ չնայած ներդրումների էական նվազեցմանը, իսկ 20 տարի անց՝ 85 դոլարի։ Այդպես է կարծում Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA)։ Վերջինս հրապարակել է իր World Energy Outlook տարեկան զեկույցը, որում նշված է, որ իրենց գնահատականներով այս տարի ավելի քան 20 տոկոսով նվազելու են նավթային ոլորտի ներդրումները, սակայն հաջորդ տարում սպասվում է ավելի մեծ անկում։
IEA-ն կանխատեսում է, որ տարեկան նավթի օրական պահանջարկն աճելու է 900.000 բարելով, իսկ 2040 թվականին հասնելու է 103.5 միլիոն բարելի։ Պահանջարկի բարձրացումը կապված է Չինաստանում էլեկտրաէներգիայի սպառման աճի հետ, որը 2040 թվականին կրկնակի կգերազանցի ԱՄՆ-ում համապատասխան ցուցանիշը։ Գործակալության փորձագետներն առավելագույն աճ կանխատեսում են Հնդկաստանում։ Նրանց գնահատականներով՝ 20 տարի անց նավթի սպառումն այդ երկրում կարող է հասնել օրական մինչև 10 միլիոն բարելի։






































