MK-Turkey-ի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզը, որը մոտ ժամանակներս կժամանի Թուրքիա, մասնակցելու համար G20-ի երկրների առաջնորդների հավաքին, իր աշխատակազմի համար վարձակալել է Անթալիայում գտնվող Mardan Palace հյուրանոցը։
Թագավորը Թուրքիա է ժամանելու 1000-հոգանոց պատվիրակությամբ։ Լյուքս դասի հյուրանոցում նրանց մնալը կարժենա 18 միլիոն դոլար։
Mardan Palace-ը համարվում է աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը։
Այն ունի 560 սենյակ և վիլլա, որոնք մյուս այցելուների համար կփակվեն 18 օրով։ Հյուրանոցի բոլոր միջանցքներում և անգամ ուղղաթիռային հրապարակում փռվելու են կարմիր գորգեր, քանի որ Սաուդյան Արաբիայի միապետի ոտքը հյուրանոց ժամանելուց և հյուրանոցից դուրս գալու ժամանակ չպետք է դիպչի ասֆալտին։
Հյուրանոցի անձնակազմն անգամ հատուկ նախապատրաստություն է անցել թագավորի պահանջները բավարարելու համար։ Ընդգծվում է, որ 2009 թվականին ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի կառուցած հյուրանոցն օրեր առաջ գնել է թուրքական Halkbank-ը։











































