Բելգիայի Սահմանադրական դատարանի դատավոր Ժան Պոլ Մուրմանը ադրբեջանական «APA» գործակալությանը տված հարցազրույցում արել է ուշագրավ հայտարարություններ: Ժան Պոլ Մուրմանը մի քանի անգամ այցելել է Ադրբեջան, եղել Բաքվում, Սումգայիթում, Ջալալաբադում և այլ շրջաններում: Այցերի ընթացքում նա ծանոթացել է ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների խնդիրներին, նրանց կեցության ծանր պայմաններին և սկսել է համակրանք տածել այդ երկրի նկատմամբ: Որպես փորձագետ մասնակցելով Եվրախորհրդարանի կազմակերպած կոնֆերանսին, որը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ժան Պոլ Մուրմանը հանդես է եկել հակամարտությունից տուժած ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների համար փոխհատուցման ֆոնդ ստեղծելու առաջարկությամբ: Նա կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը մեծ քայլ է կատարել և միջազգային բեմահարթակում ոչ միայն ԼՂ տարածքային ամբողջականության հարցն է արծարծել, այլև՝ ԼՂ կարգավիճակի լայն ինքնավարության: Բելգիայի Սահմանադրական դատարանի դատավորը նշել է նաև, որ ողբերգության մեղավորները պետք է պատասխան տան միջազգային ատյանների առջև: Անդրադառնալով ադրբեջանցի փախստականների խնդրին՝ Ժան Պոլ Մուրմանը նշել է, որ պետք է մտածել նրանց արժանապատիվ վերադարձի մասին, և իրավական ու բանական որոշումը կլինի այն, որ նրանց տրվի նյութական փոխհատուցում:
«Առաջին լրատվականը» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից հետաքրքրվեց, թե այս հայտարարությունների համատեքստում հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է անի հայ փախստականների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Արման Մելիքյանից տեղեկացանք, որ Հայաստանում ադրբեջանահայ փախստականների խնդիրներով և իրավունքներով տարիներ շարունակ զբաղվում է «Փախստականները և միջազգային իրավունքը» հասարակական կազմակերպությունը, իսկ պետական մակարդակով ոչ մեկը չի զբաղվում, չկա որևէ մշակված քաղաքականություն: «Հայաստանը չունի քաղաքականություն այս հարցում: Ավելին, Հայաստանի քաղաքականությունը տարիներ շարունակ բանակցային գործընթացում ուղղորդված է եղել այն բանին, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը պարտակվի: Հայ պաշտոնյաներն անընդհատ խոսում են այն մասին, որ Հայաստանում ադրբեջանահայ փախստականների խնդիրը լուծված է, որևէ պահանջ որևէ միջազգային ատյանի կամ Ադրբեջանին մեր պետական կառույցները երբևէ չեն ներկայացրել: Միայն լավագույն դեպքում քարոզչական նպատակներով հիշում են Սումգայիթի և Բաքվի ջարդերը, հիշում են, որ մոտ կես միլիոն փախստականներ են եղել, բայց նրանց ճակատագրով Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում զբաղվել գործնական հարթության վրա: Եվ այս տեսանկյունից ադրբեջանահայ փախստականների խնդիրը մատնվում է մոռացության: Դա էլ հնարավորություն է տալիս «Մադրիդյան սկզբունքների» նման անհետևողական մոտեցում ձևակերպել միջնորդների կողմից և Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր պետություն»,- նշեց Արման Մելիքյանը: Մեր զրույցի ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարարը կարծիք հայտնեց, թե ժամանակն է, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դնեն պաշտոնական շրջանառության մեջ և այն դարձնեն պաշտոնական քաղաքականության էական բաղադրիչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորման շրջանակներում: Արման Մելիքյանը կարծում է, որ եթե արդեն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն են բարձրաձայնում ադրբեջանցի փախստականներին և ներքին տեղահանվածներին փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտության մասին, գուցե դա մեր պետական ատյաններին ստիպի տեղից շարժվել և հայ փախստականների իրավունքների պաշտպանությունը դարձնել պաշտոնական քաղաքականության մաս: Ըստ որոշ հաշվարկների՝ մոտ կես միլիոն ադրբեջանահայ է մազապուրծ լքել Ադրբեջանը, որից չորս հարյուր հազարը սկզբնական շրջանում բնակություն է հաստատել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, ավելի քան հարյուր հազարն էլ արտագաղթել է՝ մեկնելով Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան:









































