Եգիպտոսում կործանված ռուսական Airbus А321 ինքնաթիռի մասերի ուսումնասիրությունը, նաև «սև արկղերի» նախնական վերծանումը թույլ չտվեցին պարզել ավիաաղետի պատճառը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրին: Նրա խոսքով՝ ինքնաթիռում պայթյունի վարկածը կստուգեն փորձաքննությունների միջոցով:
Աղբյուրը նշել է, որ լաբորատորիա կուղարկվեն ինքնագիրների աղմուկի ձայնագրությունները, ինքնաթիռի բեկորներ, ինչպես նաև զոհվածների մարմինների մասեր: Բացի դրանից՝ կանցկացվի լուսապատկերային ուսումնասիրություն, որը կարող է բացարձակ ճշգրտությամբ պարզել հյուսվածքներում և մետաղում պայթուցիկ նյութերի հետքերը: Ինքնաթիռի մասերի ուսումնասիրությունը հնարավորություն կտա պարզել պայթուցիկ սարքի տեսակն ու հզորությունը:
Նոյեմբերի 8-ին բրիտանական The Sunday Times թերթը հրապարակել է Airbus А321-ում պայթյունի ենթադրյալ կազմակերպչի անունը: Պարբերականի տեղեկությամբ՝ ահաբեկչությունը կազմակերպել է Սինայի թերակղզում ԴԱԻՇ-ի ստորաբաժանման ղեկավար Աբու Ուսամա ալ-Մասրին: Բրիտանական հետախուզության հրապարակած տվյալներով՝ ռումբն ինքնաթիռ է տարել օդանավակայանում աշխատող խմբավորման անդամներից մեկը:
Կիրակի ավելի վաղ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության եգիպտական հանձնաժողովը 90% հավանականությամբ հաստատել է, որ «սև արկղերում» լսվող ձայնը վկայում է այն մասին, որ ինքնաթիռում պայթուցիկ է գործել: ««Սև արկղերի» ցուցումները և դրանց ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դա ռումբ է եղել»,- հայտարարել է հանձնաժողովի անդամը՝ նշելով, որ պատրաստ չէ քննարկել մնացած 10%-ը:







































