Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը փախստականների հետ կապված ճգնաժամի լույսի ներքո նախազգուշացրել է Եվրամիության հնարավոր փլուզման և ԵՄ պետությունների սահմանային վերահսկողության վերականգնման մասին: Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի dpa գործակալությանը տված հարցազրույցում՝ փոխանցում է korrespondent.net-ը:
Եթե համերաշխության փոխարեն տիրի անհամաձայնություն, ԵՄ-ն կարող է փլուզվել, և դա «տեղի կունենա շատ արագ»՝ ենթադրել է Ասելբորնը:
Նա սպառնալիք է տեսնում նաև Շենգենյան գոտու համար, որի մեջ արդեն մտնում է եվրոպական 26 երկիր: Ըստ նրա՝ այդ խնդրի լուծման համար, հավանաբար, մնում է ընդամենը մի քանի ամիս:
Լյուքսեմբուրգյան քաղաքական գործիչը հայտարարել է, որ Եվամիությունում դեռ կան այնպիսիք, ովքեր «մենչև վերջ չեն հասկացել, թե որոնք են ԵՄ արժեքները». դրանք չեն սահմանափակվում միայն նյութականի շրջանակներում. «Մեզ միասին է պահում նաև մարդասիրական արժեքների մշակույթը»: Նրա խոսքով՝ սխալ ազգայնականությունը կարող է հանգեցնել «իսկական պատերազմի»:







































