Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ մինչև 2017 թվականի ավարտը ԵՄ կժամանի մոտ երեք միլիոն փախստական։ Միայն 2015 թվականին Եվրոպայում ակնկալվում է առնվազն մեկ միլիոն ներգաղթյալների հոսք։
Նման գնահատականներ են ներկայացված առաջիկա տարիներին եվրոպական էկոնոմիկայի զարգացման հերթական կանխատեսման մեջ, որը նոյեմբերի 5-ին հրապարակվել է Բրյուսելում։ Դրա համաձայն՝ մինչև 2017 թվականի ավարտը ԵՄ-ի բնակչությունը կաճի առավելագույնը 0.4 տոկոսով։
Եվրոպական հանձնաժողովի փորձագետները կարծում են, որ միգրացիոն ճգնաժամը հանգեցրել է ԵՄ-ի երկրներում բյուջետային հավելյալ ծախսերի։ Միևնույն ժամանակ, նրանց գնահատականներով, մոտ ապագայում ներգաղթյալների հոսքը կարող է դրական ազդեցություն ունենալ եվրոպական էկոնոմիկայի վրա, քանի որ ժամանողների թվում ամեն չորսից երեքն ունի աշխատունակ տարիք։







































