Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը մոտակա շաբաթներին պլանավորել է մեծացնել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի թիրախներին ավիահարվածների թիվը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Չառլզ Բրաունը։
Նա ընդգծել է, որ սեպտեմբերին ու հոկտեմբերին նվազել է դաշինքի ավիահարվածների ինտենսիվությունը, ինչը կապված է եղել եղանակային պայմանների, և ոչ թե Սիրիայում իսլամականների դեմ ռուսական ավիացիայի գործողությունների մեկնարկի հետ։
Նա հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերն ու ապստամբները ուժեղացրել են ակտիվությունը ցամաքում, ինչն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար հավելյալ հնարավորություններ է ստեղծել ԴԱԻՇ-ի օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու համար։
Բրաունը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցները գործում են զգուշորեն, որպեսզի խուսափեն խաղաղ բնակչության շրջանում զոհեր գրանցվելուց։









































