ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին հաջողվել է ԴԱԻՇ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաք Ռաքքայից լսել ահաբեկչական խմբավորման ղեկավարության և նրան հավատարմության երդում տված շիա զինյալների միջև խոսակցությունը, որտեղ վերջիններս պարծեցել են հոկտեմբերի 31-ին ռուսական ինքնաթիռի կործանմամբ: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: «Նրանք բացահայտ ցնծում էին»,- մեջբերում է NBC-ն իր աղբյուրներից մեկին:
Նույն տվյալներով` աղետից ոչ շատ առաջ Սինայից ԴԱԻՇ-ի ղեկավարությանը հասցեագրված զեկույց է ուղարկվել այն մասին, որ «շուտով այստեղ շատ կարևոր բան կպատահի»:
Սկզբում Ռուսաստանի և Եգիպտոսի ղեկավարները ջանացել են շեշտը չդնել ահաբեկչական տարբերակի վրա: Սակայն «սև արկղերի» տվյալներով, որոնք վերլուծել են ֆրանսիացի փորձագետները, թռիչքը ընթացել է նորմալ, աղետը տեղի է ունեցել հանկարծակի և ակնթարթորեն: Իսկ բրիտանական հետախուզության գնահատմամբ` ողբերգության պատճառը ռումբի պայթյունն է, ինչը ինքնաթիռում տեղադրվել է ուղեբեռները տեղավորելու ժամանակ:
Նոյեմբերի 5-ին Եգիպտոսի իշխանությունները առանց պատճառը բացատրելու աշխատանքից ազատել են Շարմ էլ Շեյխ օդանավակայանի տնօրենին:








































