ԱՄՆ վարչակազմը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորումը անկախ պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհով կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներս: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը՝ գրում է RIA Novosti-ն:
«Մենք ունենք իրական գնահատական, և մենք հույս չունենք, որ երկու պետությունների առկայություն նախատեսող լուծումը կարող է ձեռք բերվել առաջիկայում»,- ասել է նա: Սակայն նրա խոսքերով՝ «դա տևական խաղաղություն ձեռք բերելու միակ միջոցն է իսրայելցիների և պաղեստինցիների համար»:
Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Պարսից ծոցի երկրների հարցերով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ռոբերթ Մալին հայտարարել է, որ «այժմ մենք ակնհայտ ուղի չենք տեսնում, որը կկարողանար լուծման հանգեցնել՝ կապված երկու պետությունների հետ»:
Նրա խոսքերով՝ «կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք մենք անում, այլև այն, թե ինչ են անում Պաղեստինն ու Իսրայելը»:
Ինչպես նշել է Ռոդսը՝ այդ թեման կբարձրացվի երկուշաբթի օրը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանակցությունների ժամանակ:











































