«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:
– Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը Հայաստանում: Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության պայմաններում ՆԱՏՕ-ն չի կարող մնալ մի կողմում: Հայաստանում գնալով ավելի զուսպ են դառնում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում իրականացվող միջոցառումները՝ սահմանափակվելով ցուցահանդեսներով:
– ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայությունը որևէ կապ չունի մեզ հետ, Հայաստանը և ՆԱՏՕ-ն ունեն անհատական գործողությունների գործընկերության ծրագիր, և այդ շրջանակներում տարին մեկ անգամ տեղի է ունենում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, այս տարի ավելի շատ միջոցառումներ են կազմակերպվում:
– Բայց կարծես Երևանը կաշկանդված է:
– Երևանն ունի կաշկանդվածության խնդիր, բայց Երևանը պետք է բաժանել մի քանի ինստիտուտների. Պաշտպանության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը կամ ոստիկանությունը համագործակցելով՝ որևէ կաշկանդվածություն չունեն: Իսկ արտաքին քաղաքական գերատեսչությունը շատ ժամանակ ունենում է այդ խնդիրը: Անցած 2 տարիների ընթացքում ընդամենը 2 կամ 3 օր էր տևում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը Հայաստանում: Այս տարի ունենք առաջընթաց, 5 օր անընդմեջ լինելու են միջոցառումներ: Միջոցառումները սկսել ենք ցուցահանդեսներով, վաղը լինելու է քննարկում՝ անվտանգության շրջանակներում: Նաև Ամերիկյան համալսարանի հետ կազմակերպվելու է առաջնորդության 3-օրյա դասընթաց՝ հանրային կառավարման շրջանակներում, Հայաստանի տարբեր պետական մարմիններում ընդգրկված մարդկանց համար: Միջոցառումներ ունենք նաև ամսի 4-ին և 5-ին՝ այսինքն՝ շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:
– Վրաստանում բավականին պատկառելի օրեր էին ՆԱՏՕ-ի զինվորականության ներկայությամբ, Ապաթուրայն էր այնտեղ…
– Վրաստանը մի քիչ այլ խնդիր ունի: ՆԱՏՕ-ն ցանկանում է այդ տեսակի մասնակցություններով բավարարել Վրաստանի հավակնությունը՝ գիտակցելով, որ չի կարող Վրաստանին ասել՝ վաղվանից դառնում ես ՆԱՏՕ-ի անդամ: Եվ ասում է՝ մի երկու պաշտոնյաներ ուղարկենք, միջոցառումներ արեք, դրանով, այսպես ասած, պահանջատիրական խնդիրը բավարարեք: Այս տարի, երբ որ Բուդապեշտում հանդիպեցինք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում, Վրաստանի պատվիրակության ղեկավարն ասաց, որ եթե Վարշավայում մեզ գործողությունները չտաք, միգուցե մեր հետաքրքրությունը կորչի:
– Կարծես թե այդ միտումներն արդեն առկա են: Վրաստանը սկսել է դեպի հյուսիս ավելի հաճախ նայել, որովհետև, ըստ էության, ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանը բավականին անելանելի վիճակում է, ոչ մի անվտանգության համակարգի չի պատկանում: Որքան էլ մենք տրտնջում ենք ՀԱՊԿ-ից, Հայաստանը գոնե այդ իմաստով կայուն անվտանգության պատկանելություն ունի, հստակ իր տեղը ամրագրել է:
– Թղթի վրա, այո, ամրագրել է: Հայաստանի անվտանգության համակարգը այդքան էլ ՀԱՊԿ չէի անվանի, ավելի շուտ կանվանեի հայ-ռուսական ռազմավարական գործընկերություն: Հայաստանը այս խնդիրը լուծել է: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության մեջ մենք պետք է գիտակցենք, որ համագործակցության խնդիրը ոչ թե քաղաքական հարցեր լուծելն է, այլ բարեփոխումների փաթեթով զարգացնելը, ինչպես նաև օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որտեղ հայկական կողմը կարող է իր շահերից ելնելով՝ առաջ քաշել տարբեր խնդիրներ և հարցեր: ԱԳԿԾ-ի շրջանակներում կա այդպիսի ֆորմատ, ինչպես Հայաստան-ՆԱՏՕ բարձր քաղաքական կոնսուլտացիաները, որոնց մեր պաշտպանության նախարարը և ԱԳ նախարարը՝ 28 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցում են, իրենց խնդիրներն են բարձրաձայնում: Հայաստանի համագործակցությունը սկսած կետից կարծես թե զարգանում է: Մենք «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցում ենք 94 թվականից, բայց միայն լեզվի վերապատրաստման դասընթացների շրջանակներում, 2004-ից գիտակցեցինք, որ մեզ պետք են բարեփոխումներ: Եվ այդ բարեփոխումները գնալով ընդլայնվում են: Հայաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի կողմից կա ներքին հարգանք, քանի որ ինչ պարտավորություն էլ Հայաստանը ստանձնում է, կատարում է: Բացի դրանից՝ Հայաստանը շատ բաներ անում է առանց բարձրաձայնելու: Շատերը կարող են զարմանալ՝ իմանալով, որ Հայաստանը որևէ բանով չի զիջում, օրինակ, ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերության ծրագրերի իրականացմանը կամ Հայաստան-Վրաստան ծրագրերի իրականացմանը:
– Սակայն դրանք երկրներ են, որոնք ոչնչացրել են Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները:
– Լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ միակն ենք, որ մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը: Բացի դրանից՝ անդրկովկասյան միակ երկիրն ենք, որ մասնակցում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ 2 գործողությունների, ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն մասնակցում 2-ին, միայն Հայաստանը կա և՛ Աֆղանստանում, և՛ Կոսովոյում: Բացի դրանից՝ մենք նաև ՄԱԿ-ի հետ համագործակցում ենք Լիբանանում և Մալիում: Շատերն ասում են՝ ի՞նչ է նշանակում Մալին՝ 1 սպայի կազմով: ՆԱՏՕ-ի անդամ Մեծ Բրիտանիան ունի ընդամենը մեկ սպա Կոսովոյում, և համարվում է, որ նա մասնակցում է: Հայաստանը ևս սկսելու է մեկ սպայով և պայմանավորվածութուն կա, որ առնվազն 4 հոգի պետք է այնտեղ լինեն: Մենք դադարել ենք լինել միայն այնպիսի երկիր, որի անվտանգության համար սպառնալիք կա, մենք արդեն նաև ապահովում ենք անվտանգություն այլ տեղերում: Մենք պետք է ապրենք այն գիտակցումով, որ մեր մասնակցությունը բխում է մեր շահերից:
– Այդ իմաստով ՆԱՏՕ-ի կողմից ակնկալում ենք նաև հասկացողություն մեր խնդիրներին: Թուրքիայի վերաբերյալ մենք բավականին լուրջ մտահոգություններ ունենք: Թուրքական զինատեսակները Ադրբեջանի կողմից օգտագործվում էին հայկական բնակավայրերի խաղաղ բնակիչների դեմ: Այդ հարցերը բարձրացրինք, բայց ՆԱՏՕ-ից նաև համարժեք պատասխան ենք ակնկալում: ՆԱՏՕ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք Թուրքիային ինչ-որ առումով զսպել՝ հաշվի առնելով Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում:
– Հարցը 2 մասի կբաժանեի, որ ավելի պարզ լիներ: Առաջինը՝ ոչ միայն թուրքական, այլ նաև ռուսական զենք է օգտագործվում: Մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ուրախ եմ, որ երեկ առիթ եղավ նաև Մատվիենկոյի պատվիրակության առջև այդ խնդիրը բարձրաձայնել՝ ինչո՞ւ պետք է ռուսական զենքից մեզ վրա կրակեն: Կարողացա նաև բացատրել, որ Հայաստանում ոչ բոլորն են միայն Ռուսաստանով ապրում, եվրոպական ինտեգրումն էլ է շատ կարևոր, և մենք պետք է ընթանանք՝ մեր շահերից ելնելով:
Երկրորդ՝ ՆԱՏՕ-ն կոլեկտիվ անվտանգության մի համակարգ է, որը չունի սեփական զորքեր: Կա համատեղ հրամանատարություն, բայց ազգային բանակներից են գալիս: Ունի պաշտպանողական համատեղ խնդիր, հարձակողական գործողություններ լինում են միայն այն դեպքում, եթե հարված կա որևէ մեկ երկրին: Հայտնի 6-րդ դրույթը ընդամենը մեկ անգամ օգտագործվեց, Սեպտեմբերի 11-ից հետո: Նույնիսկ Թուրքիան մի քանի անգամ դիմեց, և ոչ մի երկիր չհամաձայնեց խառնվել Սիրիայի հետ կապված խնդիրներին: ՆԱՏՕ-ի անդամակցությունը բխում է չափանիշներից ու արժեքներից, բայց անդամին հեռացնելու մեխանիզմ չկա: 28 երկրների թվում են և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, վստահ եմ՝ ներքին քննարկումների ժամանակ թուրքական զենքի հետ կապված հարցը Հայաստանը բարձրաձայնում է, դա այն ճնշումն է, որը գործադրվում է Թուրքիայի վրա: Բայց զենք վաճառելու խնդրի մասին մենք պետք է ամեն օր բարձրաձայնենք:
– ՆԱՏՕ-ն չի կարող իր անդամ երկրների արտաքին քաղաքականությանը խառնվել, և սա է պատճառը, որ Թուրքիան չի կարող զսպել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գնալով ավելի ու ավելի ռազմական ուղղվածության զարգացումը:
– Բայց ինչքան մենք բարձրաձայնենք, այդ խնդիրները կդառնան քաղաքական օրակարգի հարց: Ես օգտվեցի առիթից և բարձրաձայնեցի Թուրքիայի ուղղաթիռի հարցը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ասելով. «Խնդրում եմ Ձեզանից բացատրություն, Դուք երեք անգամ ձեր մեկ ելույթում նշեցիք ռուսական ինքնաթիռների թուրքական սահմանը հատելու մասին, հիմա խնդրում եմ բացատրեք, որ նաև Հայաստանում ընկալելի լինի: Ձեր բնորոշմամբ՝ մենք ձեր լավագույն և ակտիվ գործընկերն ենք, որի տարածքի հաշվին փորձել եք հարցեր լուծել: Եթե դա իրականությանը համապատասխանում է, դա էլ խնդիր է, բայց եթե ոչ, բարձրաձայնեք, որ մենք հասկանանք, որ մենք մտնում ենք հայ-թուրքական հարաբերությունների դաշտ կամ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների դաշտ, և մենք մեր հարցերը այնտեղ կլուծենք: Բայց չօգտագործվեն ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նրա համար, որ ինչ-որ հարցեր են լուծում լավագույն ընկերոջ դաշտում: Ի վերջո, մենք համագործակցում ենք դրական իմաստով»:
Ցանկացած համագործակցություն պետք է բխի մեր շահերից՝ բարեփոխումների փաթեթը, նոր գիտելիքների փաթեթը, բարեվարքության նոր ծրագրերը, հրամանատարական, բյուջետավորման խնդիրները, նոր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության հարցերը: Ինչքան էլ կարողանա Հայաստանը օգտվել, դա միայն ծառայելու է մեր երկրի զարգացմանը: Քաղաքական իմաստով Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու մասին խոսելը միամտություն է, որովհետև Թուրքիան Հայաստանի հետ ունի հարաբերությունների խնդիր և երբևէ չի քվեարկի մի երկրի համար, որը կարող է վետոն իր դեմ օգտագործել: Բայց ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելը կամ արևմտյան չափանիշներին համապատասխան հզոր բանակ ունենալը միայն և միայն բերելու է հարգանքի, մենք պետք է մեր հարաբերությունները խորացնենք այն աստիճանի, ինչքան որ մեր՝ հայկական շահերից է բխում:
– Դուք կողմ եք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելուն՝ ընդհուպ մինչև անդամակցելը, բայց դա իրատեսական չէ, և ՀԱՊԿ-ը այն մեխանիզմն է, որն ապահովում է՝ վատ կամ լավ, Հայաստանի անվտանգությունը: Մենք այս տարի նախագահում ենք ՀԱՊԿ-ում, և ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հնարավոր է, որ Բորդյուժային փոխարինի հայ ներկայացուցիչ: Ի՞նչ ակնկալիք ունենք այս տարի այս ասպարեզում:
– Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա, իր շահերից ելնելով, ինստիտուցիոնալ զարգացման շնորհիվ այնպես անել, որ ՀԱՊԿ-ը քիչ-քիչ դառնա հնարավորինս աշխատող մեխանիզմ: Հասկանում եմ, որ դժվար է լինելու, բայց պայմանավորվածությունների շրջանակների խնդիր է: Մենք հասկանում ենք, որ մեր սահմանները մենք ենք պահելու: Ավելի լավ է, որ հայ զինվորը մեր սահմանները պահի, այնքան հզոր բանակ ունենանք, որ ուրիշները վախենան մեզանից: Կան ինստիտուցիոնալ հնարավորություններ, երբ որ կոչում ես կոլեկտիվ անվտանգության խնդիր, ապա պետք է պատրաստ լինես իրար դեմ չաշխատել: Ռազմական իմաստով, մեզ, միևնույն է, մնալու են Հայաստան-Ռուսաստան երկկողմանի գործընկերության հարաբերությունները, մատչելի զինամթերքի ձեռքբերումը: Այս համակարգը՝ լավ թե վատ, բայց կողմնորոշում ունի: Ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ Հայաստանի հետ համագործակցությունը նաև իր շահերից է բխում: ՆԱՏՕ-ն մեզ նաև արժեքների դաշտ է տանում:
– ՆԱՏՕ-ն չի խանդավառվում մեր անդամակցության ցանկությամբ:
– Եթե խանդավառվեր, արդեն կբզբզեր: Քանի որ անդամակցության խնդիրը չկա, նա նաև դա է հարգում՝ ասելով. «Դու ինձ համար պրոբլեմներ մի՛ ձևավորի»: Լորդ Ռոբերթսոնը, երբ որ ՆԱՏՕ-ի քարտուղարն էր, նշել է, որ ՆԱՏՕ-ն մի կազմակերպություն չէ, որը պետք է կոնֆլիկտներ ներմուծի: Բացի դրանից, կան չափանիշներ՝ ցանկացած անդամ երկիր չպետք է ունենա որևէ պրոբլեմ իր հարևան երկրի հետ՝ սահմանային իմաստով: Մենք էլ այս իմաստով խնդիրներ ունենք: Եվ դրա համար այս մոտեցումների շրջանակներում ցանկացած գործընկեր քեզ հարգում է, երբ որ դու իր համար նոր գլխացավանքներ չես ստեղծում: Այս պարագայում Հայաստանի համագործակցության ֆորմատը շատ ավելի պրագմատիկ է: Երբևէ զերծ չպետք է մնանք մեր հարաբերությունները խորացնելուց՝ ելնելով մեր շահերից: Բայց պետք է գիտակցենք, որ ունենք սահմանափակումներ, որոնք այսօր հաղթահարելի չեն, բայց վաղը միգուցե ՆԱՏՕ-ի որևէ անդամ երկիր դուրս կգա, և մենք հնարավորություն կունենանք անդամակցելու:












































