Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորների խումբը, որոնք նախկինում դուրս են եկել Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, հիմնել են նոր կուսակցություն։
Կուսակցությունը ստացել է «Գիրչի․ քաղաքական նոր կենտրոն» անվանումը։ «Գիրչին» թարգմանաբար նշանակում է «կոն»։
Կազմակերպության հիմնադիրներից Գոգա Խաչիձեն հայտարարել է, որ կոններ կան ամենուրեք, գյուղում ու քաղաքում. «Այն նորացման խորհրդանիշ է։ Կոնն ունի շատ ճյուղեր, սակայն միասնական է»։
Կուսակցությունը մտադիր է 2016 թվականին մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։








































