Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին տեսնում է խաղաղության մեջ, և որ համանախագահները ձգտում են մինչև այս տարեվերջ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում։
Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները մեծացրել են իրենց ջանքերը՝ խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. «Մեր ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել է այս տարածաշրջան։ Վերջին անգամ նա Ադրբեջան է ժամանել նախորդ շաբաթ։ Դեսպան Ուորլիքն իրավամբ նկատել է, որ այս հակամարտությունն անկարելի է դիտարկել որպես սառեցված, քանի որ մարդիկ են զոհվում։ Մենք շարունակելու ենք աշխատել այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մեր ցանկությունն է, որ մինչև այս տարեվերջ կազմակերպվի երկու երկրների նախագահների հանդիպումը»։











































