Միգրացիոն հոսքերը դրական ազդեցություն կունենան ԵՄ տնտեսության աճի վրա։ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ դրական ազդեցությունը սպասվում է միջնաժամկետ հեռանկարում՝ աշխատաշուկայի հասանելիության հեշտացման ճիշտ քաղաքականության պայմաններում։
«Ընդհանուր առմամբ ԵՄ-ի համար կանխատեսվում է ոչ մեծ տնտեսական աճ, սակայն մի քանի անդամ երկրներում այն կարող է ավելի նշանակալի լինել»,- ասել է նա։
Մոսկովիսին նշել է, որ փախստականների հոսքերը կարող են 2017-ին ՀՆԱ-ն բարձրացնել 0.3 տոկոսի։











































