2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ռուսների կողմից գրանցված է եղել 232 ընկերություն (2014-ին՝ 215), սակայն ակտիվորեն աշխատում է միայն 21 ընկերություն: Այս մասին հայտնում է blackseanews.net-ը:
Ռուսական բիզնեսի համար առավել գրավիչ են առևտրի, զբոսաշրջության և շինարարության ոլորտները: Ռուս գործարարները Վրաստանի առավելություններից են համարում գրանցման ընթացակարգերի պարզությունը, սակայն հետագայում տեղի շուկայում աշխատելը այնքան էլ գրավիչ չի դառնում:
«Գազտրանս» ընկերությունը գրանցված է եղել 2015 թվականին և զբաղվել է Ռուսաստանից գազի ներկրմամբ: Սկզբում ծրագրվել է ընդլայնել գործունեությունը հարևան երկրներում, սակայն բարձր հարկերի պատճառով ստիպված հրաժարվել են: Ներկայումս ընկերությունը աշխատում է Վրաստանում և մտածում է ներկրման ավելացման մասին, եթե «Գազպրոմը» չխանգարի:
«Սեդմաքս» ընկերության հիմնադիր Դմիտրի Տուլչինսկու խոսքով՝ նախորդ կառավարության անցկացրած բարեփոխումները դրդել են իրեն Վրաստանում բիզնես սկսել: «Այժմ երկրի տնտեսական իրավիճակը վատանում է, անցած տարիների համեմատ ակտիվությունը նվազում է, սառեցված են ծրագրված նոր նախագծերը՝ հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ են նոր գործընկերներ, իսկ դրանք չկան: Նախկինում ավելի շատ էին ներդրումները, զարգացման տեմպերը բարձր էին: Այսօր ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում, ոչ ոք որոշում չի ընդունում»,- հայտարարել է ռուս գործարարը:











































