Հայաստանյան համացանցում իսկական աժիոտաժ է առաջացրել նախօրեին «Գելափ ինթերնեշնլ» ընկերության հրապարակած սոցհարցման տվյալները, որոնցից պարզ է դառնում, որ Հայաստանում կա հասարակության 54,4 տոկոսը, որը կողմ է Ռուսաստանի կազմ մտնելուն: Հասարակության տարբեր խմբեր ակտիվորեն իրենց վերաբերմունքն են հայտնում այս սոցհարցման տվյալների հետ կապված, մեկը հավատում է ու տագնապում, մյուսը համարում է կեղծ, և այլն:
Այս հարցումը, սակայն, ունի երևի թե մի հետաքրքրական կողմ էլ, որը կարծես թե շատ չի հայտնվում ուշադրության կենտրոնում: Շատերն են ուզում հասկանալ, թե ինչու է հրապարակվել սոցհարցումը, ինչն էր նման հարցադրմամբ հանրային կարծիք ձևավորելու իմաստը և հատկապես ինչու հենց հիմա:
Իհարկե, դժվար է ունենալ սրա հստակ պատասխանը, և կարող են լինել բազում վարկածներ, առավել ևս, որ անկասկած ոչ բոլորը կվստահեն նաև հենց հարցում իրականացնողների պատասխանին: Եվ այս տեսանկյունից, շրջանառվող կամ չշրջանառվող բազում վարկածների և ենթադրությունների շարքում գուցե չէր խանգարի ներառել նաև հայաստանյան քաղաքական դաշտում մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած «հայտնությունը»՝ քաղաքականությամբ զբաղվելու Արա Աբրահամյանի հայտը: Նա հայտարարեց կուսակցություն բացելու մտադրության, կուսակցությամբ խորհրդարանում պայքարելու մտադրությա մասին և նույնիսկ սպառնաց հայաստանյան հասարակությանը, որ դեռ չեն պատկերացնում, թե ինչպիսի ամբիցիաներ ունի ինքը:
Իհարկե, չմոռանանք նաև «ես ռուս եմ, իսկ Պուտինը միշտ ճիշտ է և մեր նախագահն է, ինքը հանձնարարում է, ես անում եմ» կարգի հայտարարությունները: Եվ երբ որևէ մեծահարուստ նման հայտարարություններով հայտ է ներկայացնում հայաստանյան քաղաքական դաշտի համար, էլ ի՞նչ ուղղվածությամբ պետք է պատկերացնել նրա գործողությունները: Եվ երբ Արա Աբրահամյանը խոսում էր իր հավակնությունների մասին, շատերը երևի թե մտածում էին, որ խոսք կարող է լինել Հայաստանում իշխանություն վերցնելու մասին, և իհարկե, շատերը թերահավատ էին, որ նման բան կարող է լինել, որ Արա Աբրահամյանը կարող է ունակ լինել նման խնդիրներ լուծել Հայաստանում: Սակայն այժմ «Գելափի» հարցումները ըստ էության մեզ համար կարող են հիմք հանդիսանալ «ես ռուս» եմ կարգախոսով Հայաստանի քաղաքական դաշտ մտնող գործչի լիովին այլ հավակնությունների մասին, ըստ որում՝ անկախ այն բանից, թե հարցումը և Աբրահամյանը որևէ կապ ունե՞ն իրար հետ, թե՞ ոչ:
Խնդիրն այստեղ «հոգևոր-գաղափարական» կապն է, կամ, ինչպես Աբրահամյանը կասեր, մենթալիտետով ռուս լինելը: Այս համատեքստում, Աբրահամյանի հավակնությունների դեպքում, գուցե խոսք կարող է լինել ոչ թե վերցնելու, այլ վերացնելու հավակնությունների մասին, և ոչ թե իշխանությունը, այլ Հայաստանի ինքնիշխան պետականությունը: Գուցե հենց սա նկատի ուներ նա, երբ հայտարարում էր, թե չենք կարող պատկերացնել իր հավակնությունները: Այսինքն՝ նա երևի թե ակնարկում էր, որ բոլորը կարծում են, թե ինքն իշխանության հետևից է եկել, իսկ իրականում եկել է պետականության հետևից:
Եվ զարմանալի չէ գուցե, որ նման կարգի քաղաքական հայտից հետո ասպարեզում է հայտնվում նաև նման կարգի սոցհարցում, ինչը, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի իմաստով, կարելի է համարել Արա Աբրահամյանի պոտենցիալ ընտրազանգվածի նախանշում:










































