Հայաստանի բանկային համակարգում 2010 թ. սկզբից նկատվում է շատ հստակ մի միտում` արտարժույթով տրվող վարկերն ավելի արագ են աճում, քան թե արտարժութային ավանդները: Սա կոչվում է արտարժութային երկար դիրք՝ արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները (վարկերը) գերազանցում են արտարժույթով պասիվային հաշիվների մնացորդներին (ավանդներին):
Եվ դրամի փոխարժեքի անկման պարագայում սա ձեռնտու է բանկերին. երբ բանկերին վերադարձվելիք գումարները (վարկերը) ավելի շատ են արտարժույթով, քան բանկի կողմից ավանդատուների նկատմամբ պարտավորությունները, բանկը շահում է արտարժույթի արժևորումից:
Այս միտումը շարունակվում է նաև 2011 թ. առաջին եռամսյակում: Տրված վարկերի (55 մլրդ դրամ) շուրջ 80%-ը (44 մլրդ դրամ) արտարժույթով է, մինչդեռ ավանդների 65%-ից էլ պակաս մասն է արտարժույթով: Այսինքն` դրամի արժեզրկումից ՀՀ առևտրային բանկերը շահում են:









































