Նոյեմբերի 2-ին խորհրդարանում ներկայացնելով 2016 թվականի պետական բյուջեն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանի տնտեսության անկումային միտումների պայմաններում տնտեսական իրադրության բարելավման խոստումներ տալը կլինի ամբոխահաճո, սակայն անազնիվ մոտեցում հասարակության հանդեպ: Այս հայտարարությունն անում է Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը:
Եվ ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը Հայաստանի տնտեսական վիճակն, այսպես ասած, պաշտոնապես պայմանավորում է Ռուսաստանի տնտեսական վիճակով: Այսինքն՝ ըստ էության սա հայտարարություն է Հայաստանի կառավարության անզորության մասին, կամ պարզապես ինքնիշխանության բացակայության մասին: Բոլոր դեպքերում, հայտարարել, որ ռուսական տնտեսության անկման հետևանքով Հայաստանի տնտեսությունում վիճակն այնպիսին է, որ անազնիվ է բարելավման խոստումներ տալը, ըստ էության, նշանակում է հայտարարել, որ ոչ մի կապ չունի Հայաստանում իշխանություն կա, թե չկա, քանի որ ամեն ինչ կախված է Ռուսաստանի իրավիճակից:
Եվ սրան զուգահեռ՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը նաև, ըստ էության, նոր խոսք է կառավարման արվեստում, քաղաքականության մեջ, որտեղ չափանիշ է հռչակվում ոչ թե իրավիճակից ելքեր գտնելու վերաբերյալ առաջարկների բովանդակությունը, այլ՝ այսպես ասած ազնվությունը: Իրականում, մեղմ ասած, հենց սա ազնիվ չէ, ազնիվ չէ այն տեսանկյունից, որ հարկատուները կառավարությանը իրենց հարկերով չեն պահում այն բանի համար, որ կառավարության ղեկավարը «ազնվորեն» խոստովանի, որ իրավիճակը բարելավել չեն կարող և չեն խոստանում:
Իսկ հարկատուների գումարներով հարյուրավոր միլիոն դոլարների վերանորոգումներ անելը ազնի՞վ է, թե՞ հարկատուների գումարներով հարյուրավոր միլիոն դրամների գործուղումների մեկնելն ու պետության հաշվին համաշխարհային շրջագայություններ անելն է ազնիվ, ձեռքի հետ էլ կռիվ անելով, թե ովքեր պետք է ընդգրկվեն այդ պատվիրակություններում:
Հարկատուները հարկեր են վճարում և պետական գերատեսչություններ պահում ոչ թե անզորությունն ազնվորեն խոստովանելու համար, այլ մանր, միջին և մեծ մասշտաբների խնդիրները կարգավորելու, տնտեսական մարտահրավերները չեզոքացնելու, զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Եթե հարկատուները վճարեին ազնվության համար, առավել ևս՝ ազնիվ անզորության, ապա Հովիկ Աբրահամյանից ու նրա կառավարությունից շատ ավելի արժանիներ կային, որ և ավելի ազնիվ են, և ավելի անզոր են իրավիճակը բարելավելու հարցում, և կարող են տնօրինել այն գումարները, որ հարկատուների միջոցներից տնօրինում են Աբրահամյանն ու նրա նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ի վերջո՝ այդ անզոր ազնիվները, ի տարբերություն բարձրաստիճանների, իրենց մաշկի վրա զգում են բարձրաստիճանների անզորության հետևանքը և ի տարբերություն նրանց՝ ոչ թե վայելում են կյանքի բարիքները՝ դղյակների, շքեղ մեքենաների և այլ վայելքների տեսքով, այլ կարոտ են տարրական կենսապայմանների:
Լուսանկարը՝ Photolure-ի










































