Մեծարգո նախագահ, դուք միշտ եղել եք մարդու իրավունքների պաշտպա նության համար պայքարողների ճատագովներից, ինչը մեզ ոչ միայն վստահություն է ներշնչում, այլեւ հպարտանալու եւ հավատալու տեղիք է տալիս:
Մենք ծանոթ ենք տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների ժամանակի ներկա փուլում ստեղծված փոխհարաբերությունների բավականին բարդ իրավիճակին: Սակայն գտնում ենք, որ մեր կողմից ներկայացվող խնդրին դրական լուծում տալը թե’ ժամանակի եւ թե” համամարդկային արժեքների գնահատման առումներով անհետաձգելի է դարձել:
Պարոն Միխեիլ, մենք համոզված ենք, որ դուք քաջատեղյակ եք անցած դարաշրջանի 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայության դեմ կանխամտածված ու իրականացված ոճրագործություններին, որոնք բացի եղեռնագործությունից այլ որակավորում չեն կարող ունենալ: Ցեղասպանություն, որին զոհ են գնացել երկու միլիոնից ավելի անմեղ, տարբեր տարիքի ու սեռի, խաղաղ ազգությամբ հայ մարդիկ: Եւ լավատեղյակ եք, որ մի շարք զարգացած երկրներ, երկրների նահանգներ, միջազգային հեղինակավոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններ եւ հանրաճանաչ անձիք, այդ թվում նաեւ Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ Թուրքիայի քաղաքացիներ, ճանաչել ու դատապարտել են այդ անմարդկային ոճիրը: Իսկ մեր երկրի, եղբայր, դավանակից վրաց ժողովրդի արդար ձայնը, ինչ-ինչ պատճառներով, անարդարացիորեն չի հնչեցվում:
Մենք, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներս միանում ենք □Վրաստանի Հայ համայնքի□, Ձեզ, պարոն Նախագահ, խորհրդարանի խոսնակ պարոն Դավիդ Բաքրաձեին, խորհրդարանական ֆրակցիաներին ու հայազգի պատգամավորներին ուղղված, դիմումին եւ խնդրում ենք, որ նորանկախ, ժողովրդավարության ուղին ընտրած, բազմազգ Վրաստանի բարձրաստիճան ղեկավարներդ, դատապարտեք ու ճանաչեք Հայոց Մեծ ցեղասպանությունը, ինչը համաշխարհային առաջադեմ մարդկության մոտ կբարձրացնի մեր պետության հեղինակությունը, եւ այն կընկալվի որպես հարգանքի տուրք բոլոր նահատակներին եւ անպայման կնպաստի մարդկության կողմից ուղղված ջանքերին այդպիսի ոճրագործություններից զերծ պահելուն:
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ