Արդեն մի քանի տարի է՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում։ Մամուլում բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ ընտրություններից տարիներ առաջ անվճար հաց բաժանելու միակ նպատակը հերթական համայնքային և համապետական ընտրությունից առաջ համայնքի բնակիչների աջակցությունը ստանալն է:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը իրավիճակը նոր չի համարում: «Արդեն 10 տարուց ավելի է՝ Սամվել Ալեքսանյանը ընտրել է չակերտավոր քաղաքական այս տեխնոլոգիան, որն արդյունք է տալիս»,- ասում է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մարդկանց համար արդեն սովորական երևույթ է դարձել բոլոր ընտրություններից առաջ այս կամ այն օլիգարխից օգնություն ակնկալելը։ Երևույթը, ըստ Հակոբյանի, Հայաստանի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի հետևանքն է:
Այս տեխնոլոգիայով էր աշխատում նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փաստում է քաղտեխնոլոգը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը բնակչության պասիվ հատվածին ակտիվացնելն է, այն հատվածին, որը ընտրակաշառք չի վերցնում, չի հետաքրքրվում ընտրական գործընթացներով և հիասթափված է, ինչը սակայն, նրա խոսքով, շատ դժվար կլինի:











































