| Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների հաշվարկը։ Դրանց արդյունքներով՝ խորհրդարան են մուտք գործել վերստին 4 կուսակցություններ, ինչպես որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Հունիսի 7-ի և նոյեմբերի 1-ի ընտրություններում կուսակցությունների գրանցած արդյունքներն են. «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ) Հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ն հավաքել է քվեների 40.9 տոկոսը և 550 հոգանոց խորհրդարանում ստացել 258 պատգամավորական մանդատ։ Նոյեմբերի 1-ի ընտրություններում այն հավաքում է քվեների 49.1 տոկոսը և խորհրդարանում ստանում է 316 պատգամավորական մանդատ։ Ստացվում է, որ ԱԶԿ-ն ներկայիս ընտրությունների արդյունքներով ստանում է 58 պատգամավոր ավելի և այդպիսով՝ միակուսակցական կառավարություն (անհրաժեշտ էր առնվազն 276 մանդատ)։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն (ԺՀԿ) Հունիսի 7-ի ընտրություններում ԺՀԿ-ն հավաքել է քվեների 25.0 տոկոսը և խորհրդարանում ստացել 132 պատգամավորական մանդատ։ Նոյեմբերի 1-ի ընտրություններում այն հավաքում է քվեների 25.3 տոկոսը և խորհրդարանում ստանում 134 պատգամավորական մանդատ։ Ստացվում է, որ ԺՀԿ-ն ներկայիս ընտրությունների արդյունքներով ստանում է 2 պատգամավոր ավելի։ «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ) Հունիսի 7-ի ընտրություններում ԱՇԿ-ն հավաքել է քվեների 16.3 տոկոսը և խորհրդարանում ստացել 80 պատգամավորական մանդատ։ Նոյեմբերի 1-ի ընտրություններում այն հավաքում է քվեների 11.9 տոկոսը և խորհրդարանում ստանում 41 պատգամավորական մանդատ։ Ստացվում է, որ ԱՇԿ-ն ներկայիս ընտրությունների արդյունքներով կորցնում է 39 պատգամավորական մանդատ, ինչը խոշորագույն կորուստն է խորհրդարան անցած ուժերի թվում։ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ) |
Հունիսի 7-ի ընտրություններում ԺԴԿ-ն հավաքել է քվեների 13.01 տոկոսը և խորհրդարանում ստացել 80 պատգամավորական մանդատ։ Նոյեմբերի 1-ի ընտրություններում այն հավաքում է քվեների 10.6 տոկոսը և խորհրդարանում ստանում 59 պատգամավորական մանդատ։ Ստացվում է, որ ԺԴԿ-ն ներկայիս ընտրությունների արդյունքներով կորցնում է 21 պատգամավորական մանդատ։








































