Դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեին ընդառաջ ձևավորվել են մի քանի ընդդիմադիր նախաձեռնություններ, որոնք այս կամ այն կերպ պայքարելու են այս փոփոխությունների դեմ:
«Հայաստան» ժողովրդական նախաձեռնության անդամ Վարդան Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ գործողություններ են պատրաստվում ծավալել Սահմանադրական փոփոխությունների շուրջ, արդյո՞ք համագործացելու են մյուս կազմակերպությունների հետ, ասաց. «Համագործակցության եզրեր տեսնում ենք: Մենք գտնում ենք, որ հանրաքվեն չպետք է անցկացվի: Մեր հասարակության ներսում՝ ինչպես ազգային, այնպես էլ սերունդների միջև բաժանարար գծեր են անցկացնում, որը վաղ թե ուշ հանգեցնելու է բավականին լուրջ ճգնաժամի»:
Վարդան Խաչատրյանը կարևորեց. «Պետք է հաշվի առնվի այն, որ բավականին լուրջ էրոզիայի է ենթարկված Հայաստանի հասարակությունը և նման պալարիզացիայի, բևեռացման և առճակատման պայմաններում ցնցումներին կդիմանա՞, և որանո՞վ կդիմանա»: Նա նաև նշեց, որ այս հարցերի պարզաբանումը պետք է իրականացվի բաց հրապարակային քննարկմամբ. «Այս հարցերը անվիճելիորեն պետք է բաց հրապարակ բերել բոլոր կողմերի միջև քննարկման և փաստարկները ուղիղ եթերով հեռարձակել, որ բոլորի համար պարզ լինի, թե ինչ փաստարկներ կան, և ինչպես է առաջանում այդ միասնությունը»: Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ պետք է անդրկուլիսյան խաղերը լիրաժեք բացառել նախքան զարգացումների վճռորոշ փուլը:
Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա Վ. Խաչատրյանի հավաստմամբ՝ «Հայաստանում չկան այնպիսի ռեսուրսներ, որոնք ի զորու են կանգնեցնել ժողովրդի միասնական գործողությունները»:











































