«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ համագործակցությանը, նշեց. «Մենք «Չեք անցկացնի»-ի հետ չենք կնքել քաղաքական դաշինք, այդ դեպքում մենք ընդհանրապես այնտեղ չէինք լինի, որովհետև այնտեղ մենք ունենք քաղաքական հակառակորդներ»:
Ինչպես հայտնի է, «Հայազն»-ը չի միացել նաև «Նոր Հայաստան» կազմավորմանը: Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ քաղաքացիական անհնազանդությամբ հնարավո՞ր է հասնել իշխանափոխության, Արմեն Աղայանը պատասխանեց. «Սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասող թևերը իրականում ունեն շատ տարբեր մոտիվացիաներ: «Ոչ»-ի կողմնակիցներն ամեն գնով ուզում են պահպանել Սահմանադրությունը, նախագահի ինստիտուտը: «Նոր Հայաստան»-ում ուզում են սահմանադրական հանրաքվեն օգտագործել որպես առիթ իշխանափոխության, փողոցային, դաշտային գործողությունների համար: Մենք այս երկու մոտիվացիաներն էլ չենք կիսում: Ուստի մենք մեր մոտեցումներն արտահայտում ենք այլ ձևերով»:
Արմեն Աղայանը ընդգծեց. «Մինչև «Հայազնը» շատ լուրջ հանրային աջակցություն ոչ միայն չունենա, այլև արձանագրած չլինի բոլորի համար տեսանելի ձևով, իշխանափոխության կամ ապստամբական տիպի որևէ կոչ երբեք չի անի»:
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց համար կարևորագույնը ընդդիմության փոփոխությունն է. «Ընդդիմություն չի կարող համարվել ինչ-որ օլիգարխի շուրջ հավաքված, շոգեքարշին իրենց վագոնները կպցրած զանգվածը: Ընդդիմության առաջնորդները ևս պետք է ընտրվեն, հակառակ դեպքում անիմաստ է խոսել իշխանության ոչ լեգիտիմ լինելու մասին»:












































