Ավելի քան 50 միջազգային ԶԼՄ-ներ նամակ են գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խորը մտահոգություն հայտնելով այս կիրակի ծրագրված խորհրդարանական ընտրությունների նախօրեին լրագրողների աշխատանքի պայմանների վատացման հետ կապված: Այս մասին գրում է Agence France-Presse, որը դիմումի տակ ստորագրողներից մեկն է:
Բացի նրանից՝ իրենց ստորագրությունները դրել են՝ ամերիկյան The New York Times-ը, The Washington Post-ը, Buzzfeed-ը, գերմանական Sueddeutsche Zeitung-ը, ARD TV-ն, իտալական La Stampa-ն, պակիստանյան Dawn թերթը, ավստրալական The Age-ը:
Նամակում պարբերականների խմբագիրները վերջին 2 ամսում տեղի ունեցած մի շարք պատահարներ են թվել, մասնավորապես՝ հարձակումը Hurriyet թերթի խմբագրության և առաջատար լրագրող Ահմետ Հաքանի վրա, նաև Vice News-ի լրագրողների ձերբակալությունն ու կալանքի տակ պահելը:
«Մենք Ձեզ կոչ ենք անում ձեր ազդեցությունն օգտագործել, որպեսզի լրագրողները՝ լինեն Թուրքիայի քաղաքացի, թե միջազգային մամուլի ներկայացուցիչներ, պաշտպանված լինեն և նրանց թույլատրված լինի առանց խոչընդոտի կատարել իրենց աշխատանքը»,- ասվում է նամակում:
ԶԼՄ-ները նաև դժգոհություն են հայտնել ընտրական գործընթացի ժամանակ լրագրողներին աջակցելու և պաշտպանելու Թուրքիայի կառավարության անընդունակությունից, ինչը «խաթարում է երկրի միջազգային իմիջը և վնասում է ժողովրդավարությանը»:









































