Ավստրիան կարող է իր խաղաղապահներին հետ կանչել Սիրիայից, եթե ԵՄ-ն կասեցնի զենքի էմբարգոն՝ հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք տարանջատման վերահսկման ՄԱԿ-ի ուժերի գլխավոր մասնակիցն ենք (ավստրիացիները կազմում են ուժերի 1/3-ը-1in.am): Եթե սիրիական ընդդիմությունը կարողանա ավելի շատ զենք ստանալ Եվրոպայից, դա կնշանակի, որ մենք նրանց հետ իսկապես համամիտ ենք, և մեզ համար դժվար կլինի մեր ներկայությունը պահպանելը: Դա կլինի այն պահը, երբ մենք ստիպված կլինենք մտածել դուրսբերման մասին»,- ասել է այցով Իսրայելում գտնվող նախարարը:
Նա անհանգստություն է հայտնել մի շարք եվրոպական երկրների դիրքորոշման առնչությամբ՝ ներառյալ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, որոնք դեմ են զենքի էմբարգոյի երկարացմանը: Ժամկետը լրանում է մայիսի վերջին:
«Եթե մենք չկարողանանք միաձայն որոշում ընդունել էմբարգոյի երկարացման մասին, երկրները կստանան սիրիական ընդդիմությանը զենքի ազատ մատակարարման իրավունք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Ավստրիան դեմ է երկպառակտող հակամարտության կողմերին զենք մատակարարելուն: