«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնահատելով այսօրվա «Ոչ»-ի հանրահավաքը՝ ասաց, որ քաղաքացիները, այնուամենայնիվ, բավականին ակնկալիքներ ունեն, որովհետև չնայած անբարենպաստ եղանակին՝ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել:
Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում այն ուղերձները, թե միաբանություն չկա, և դա է վկայում այսօրվա հանրահավաքին «ոչ»-ի բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը. «Կարելի է ասել, որ ընդդիմությունը միասնաբար պայքարում է»:
Պարոն Մարտիրոսյանը անդրադառնալով ընտրակեղծիքները բացառելու հնարավորությանը՝ ասաց. «Մենք միասնական օրակարգով առաջ կշարժվենք և միասնաբար կպայքարենք, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից և կշարունակվի այնքան՝ մինչև հասնենք մեր նպատակին»:
Ինչպես նշեց պարոն Մարտիրոսյանը՝ որքան նվազում են ժամկետները, այնքան նաև նվազում են թեթև անհամաձայնությունները. «Մեր բոլորի ռազմավարական նպատակը մեկն է՝ իշխանափոխություն, մարտավարական առումով՝ երկուսս էլ քաղաքացիական անհնազանդության կողմնակից ենք»:
«Մենք իշխանություններին տարանջատվելու հաճույք չենք պատճառի»,- եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:











































