Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը Թուրքիայի իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ առաջնահերթ կարգով քննարկելու է ԶԼՄ-ների ազատությունն ու իրավունքի գերակայությունը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը:
«Մենք ուշադիր հետևում ենք Թուրքիայիում տեղի ունեցող դեպքերին։ Մենք ցանկանում ենք հիշեցնել ԶԼՄ-ների ազատության ու իրավունքի գերակայության պահպանման կարևորության մասին։ Մենք քանիցս կոչ ենք արել լրագրողներին ապահովել աշխատանքի համար անվտանգ ու ազատ պայմաններ, քանի որ դա ժողովրդավարական հասարակության հիմքն է։
Թուրքիան, ինչպես և յուրաքանչյուր այլ երկիր, որը անդամակցության շուրջ բանակցում է ԵՄ հետ, պետք է երաշխավորի մարդու իրավունքների պահպանումը՝ ներառյալ խոսքի ազատությունը։ Մենք շարունակելու ենք տվյալ հարցն առաջնահերթ կարգով քննարկել Թուրքիայի իշխանությունների հետ», ասել է Ռեյը։
Սրանից առաջ ԵՄ-ը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում ոստիկանության կողմից Koza-Ipek հոլդինգի հեռուստաալիքների գրասենյակների վրա գրոհելու վերաբերյալ և Թուրքիային կոչ էր արել պահպանել խոսքի ազատությունը։







































