Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» և ադրբեջանական SOCAR-ը քննարկում են սվոփային ռեժիմով գազի առուծախի մասին պայմանագրի տեխնիկական դետալները։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը։
Նա ընդգծել է, որ դեռ հայտնի չէ պայմանագրի ստորագրման ժամկետը։ Աբդուլաևի խոսքով՝ ռուսական գազը նախատեսված է ապագայում նավթարդյունահանման մեծացման և գազապաստարանների հզորությունն առավելագույնի հասցնելու համար։
Լրատվամիջոցի տվյալներով՝ «Գազպրոմը» Ադրբեջանին մատակարարելու է օրական 10 միլիոն խորանարդ մետր և տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր, որը կուղղվի SOCAR-ի գազապաստարաններ։ Հաջորդ տարվանից այդ գազը կմատակարարվի Դաղստանի կարիքների համար։ Ընդգծվում է, որ SOCAR-ը 2010 թվականից գազով է ապահովում Ռուսաստանի հարավին։







































