Ավելի քան 800 հազար մարդ այս տարի փախստականի կարգավիճակի ստացման հայտ է ներկայացրել եվրոպական երկրներ, ինչը կրկնակի գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Times պարբերականը՝ հղում անելով Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչության տվյալներին։
«Եվրոպական 38 երկրներոմ փախստականի կարգավիճակի ստացման հայտերի ընդհանուր թիվն այս տարի միջինը տատանվում է ամսական 60-115 հազարի սահմանում։ Անցած տարի հունվարից օգոստոս Եվրոպայում ապաստանի ստացման կարիք է ունեցել 397 հազար մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում նման պահանջով եվրոպական պետությունների իշխանություններին է դիմել արդեն 834 հազար մարդ»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ առավել հարուստ երկրներում փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողների մեծ մասը Սիրիայի, Աֆղանստանի և Իրաքի քաղաքացիներն են։ Մեծ թվով հայտեր են ստացվել Ալբանիայի աշխատանքային միգրանտներից։












































