Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշել է, որ «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը պետք է շարունակի անհատույց օգտագործել Բուզանդի 1/3 հասցեում 36,9 քմ մակերեսով տարածքը։
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն ու Ստյոպա Սաֆարյանը դեմ են քվեարկել նախագծին՝ հայտարարելով, որ անընդունելի է ռուսական շահերը սպասարկող կազմակերպությանը նման արտոնություն տրամադրելը։
Դավիթ Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կարծում եմ՝ նման կազմակերպությանը խրախուսելը ուղղակի անընդունելի է այն պարագայում, երբ Ռուսաստանը Հայաստանի անկախության դեմ ուղղված քաղաքականություն է իրականացնում։ Կիսիլովյան կազմակերպություններին չպետք է որևիցե ձևով խրախուսել։ Ռուսական շահերը սպասարկող կազմակերպություններին որևիցե ձևով արտոնություններ չպետք է տրվեն»։
«Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահը ռուսաստանյան հայրենակիցների համաշխարհային համակարգող խորհրդի անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային և ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Յուրի Յակովենկոն է:
«Դա իհարկե հետաքրքիր է, փոքր ինչ անսովոր։ Տարբեր կարծիքներ են լինում, ինֆորմացիա չունենալու արդյունք է,- մեզ հետ զրույցում ասաց Յակովենկոն՝ հավելելով,- մենք աշխատում ենք, որ մարդիկ այդտեղից չգնան, և էթնոհարստությունը չպակասի այս հրաշալի երկրի։ Մենք արդեն 22 տարի է՝ աշխատում ենք ՀՀ քաղաքացիների հետ, ինչ անենք, որ ազգությամբ ռուս են, բայց նրանք Հայաստանի քաղաքացիներ են։ Մենք աջակցում ենք ռուսական մշակույթի պահպանմանը Հայաստանում»։
Դիտեք մեր զրույցը ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի հետ։












































