ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու են վերահսկողական լծակներ ունեցող անձինք ներգրավվել շտաբում, պատասխանեց. «Լրագրողները միշտ մատնանշում են պաշտոնները, իսկ մենք նկատի ենք ունեցել կազմակերպչական փորձը: 2-3 օրից և՛ տեղակալների, և՛ շտաբի անդամների բոլոր բաշխումներն արդեն ավարտված կլինեն:
Էդուարդ Շարմազանովի՝ այս գործընթացներից դուրս մնալու հետ կապված՝ Վ. Բաղդասարյանը նշեց, որ նպատակահարմար են գտել, որ քարոզչական աշխատանքներով կզբաղվի Վիգեն Սարգսյանը, իսկ Էդուարդ Շարմազանովը կա և մնում է որպես մամուլի խոսնակ. «Մենք առաջին դեմքերով ենք հանդես գալիս, որովհետև կարևորում ենք սահմանադրական բարեփոխումները և պետք է այնպես կազմակերպենք վերահսկողությունը, որ որևէ խոցելի տեղ չմնա, որովհետ այս պրոցեսին հետևում է ամբողջ միջազգային հանրությունը»:
Վահրամ Բաղդասարյանը նաև պարզաբանեց, որ մարզերում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ տարածքների նկատմամբ սպեցիֆիկ մոտեցում ասելով՝ իրենք նկատի ունեն աշխարհագրական դիրքը, եղանակը, հանդիպումների բացօթյա կամ դահլիճային լինելը:








































