Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցում ռուս ռազմական փորձագետ, Քաղաքական ու ռազմական վերլուծությունների ինստիտուտի (ИПВА) ռազմական կանխատեսման ղեկավար Անատոլի Ցիգանյուկն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը.
«Ես անիրատեսական եմ համարում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Այսօր Կովկասում գոյություն ունի անվտանգության 3 համակարգ. ա) ՀԱՊԿ, բ) ՆԱՏՕ, որին կարելի է ասել հակված են Ադրբեջանն ու Վրաստանը, գ) ՇՀԿ: Եվ թեև այս երրորդ համակարգը շատ է քննադատվում, ես կարծում եմ, որ հենց ՇՀԿ-ի անվտանգության համակարգն է ազդում Կովկասի վրա:
Ռուս-ադրբեջանական համագործակցությունը մեծ հեռանկար ունի: Ադրբեջանը, թերևս, միակ երկիրն է, որը Ռուսաստանին ֆինանսական պարտք չունի: Կասպիցի բաժանման հարցում համընկնում են Ռուսաստանի ու Ադրբեջանի մոտեցումները: Բացի այդ, երկու երկրները համատեղ պայքարում են ահաբեկչության դեմ:
Այլ հարց է, թե Ռուսաստանն ինչպիսի մոտեցում ունի ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Ռուսաստանն այս հարցում հստակ դիրքորոշում չունի և չի աջակցում հակամարտող կողմերից մեկնումեկին: Ըստ էության, Ռուսաստանին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը:
Չպետք է մոռանալ, որ նախորդ տարի Ռուսաստանի նախագահն իր հարավկովկասյան այցի ժամանակ նախ այցելեց Հայաստան, ապա` Ադրբեջան: Այս այցերը վկայում են Ռուսաստանի համար Հայաստանի ու Ադրբեջանի մեծ կշռի մասին, սակայն առաջին տեղում դաշնակից Հայաստանն է, նոր Ադրբեջանը:
Այժմ Ադրբեջանը ձգտում է նվազեցնել զենքի գնման հարցում Ռուսաստանից ունեցած իր կախվածությունը: Եթե նախկինում Ադրբեջանը զենքի 95 տոկոսը գնում էր Ռուսաստանից, ապա այժմ ցանկանում է դիվերսիֆիկացնել այդ գործընթացը` դրանում ներառելով եվրոպական երկրներին, Իսրայելին և այլն:
Ես կարծում եմ, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում ադրբեջանական բանակի 30-40 տոկոսն անցում կկատարի եվրոպական չափանիշներին: Այդ դեպքում արդեն Ադրբեջանն այսքան կախված չի լինի Ռուսաստանից»:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ադրբեջանցի լրագրող Շահին Աբասովի հոդվածում նշված էր, որ Ադրբեջանը մտադիր է վերածվել տարածաշրջանային մասշտաբով զենք վաճառող երկրի, քանի որ Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության պատճառով հիմնականում անտեսում են Ադրբեջանի ռազմական պահանջները.
«Ադրբեջանում ռազմական պլաններ մշակողներին ամենաշատը մտահոգում է այն հանգամանքը, որ Ղարաբաղի համար Բաքվի ու Երևանի միջև ռազմական գործողությունների վերսկսումից հետո Ռուսաստանը և/կամ Արևմուտքը կարող են արգելք դնել Ադրբեջանին մատակարարվող ռազմական տեխնիկայի վրա»:







































