Գյումրու համայնքային գույքն առաջիկայում հանվել է կալանքից, քանի որ կալանքի պատճառ դարձած 745 հազար դրամն ամբողջությամբ քաղաքապետարանի կողմից փոխանցվել է դեռևս ուրբաթ օրը։
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Գյումրու քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ Գյումրու համայնքային միջոցները կալանքի տակ էին հայտնվել, դատական ակտով սահմանված գումարը քաղաքացի Տարոն Գասպարյանին չվճարելու պատճառով։ Գասպարյանն այն քաղաքացին է, որը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին քաղաքապետարանից 99 տարով վարձակալության էր վերցրել քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ և գլխավոր հրապարակն ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար։ Սակայն, երբ քաղաքապետ նշանակվեց Սամվել Բալասանյանը, քաղաքապետարանն այդ պայմանագիրը լուծարելու պահանջով դիմել էր դատարան՝ պնդելով, որ կնքված պայմանագրով համայնքային բյուջե շատ քիչ գումար է փոխանցվում։ Դատական երկու ատյանները բավարարել էին քաղաքապետարանի պահանջը, սակայն վճռաբեկը որևէ խախտում չէր գտել պայմանագրում և քաղաքապետարանին պարտավորեցրել է 745 հազար դրամ վճարել Գասպարյանին, որպես դատական ծախս։
Նշենք, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր չցանկացավ պատասխանել «Առաջին լրատվական»-ի հարցերին, թե ինչու են ժամանակին 99 տարով պայմանագիր կնքել քաղաքացու հետ։ Հնարավոր չէ՞ր ավելի կարճաժամկետ պայմանագիր կնքել։ «Գնացեք ուրիշ թեմաներ փնտրեք»,- հայտարարեց նախկին քաղաքապետն ու անջատեց հեռախոսը։
Լուսանկարը՝ Armenpress-ի









































