Այս տարվա ապրիլին Time ամսագրի կողմից 2011 թ. ամենաազդեցիկ մարդ հայտարարված եգիպտացի Վայել Ղոնիմը պատրաստվում է լքել Google ընկերությունը, որպեսզի զբաղվի աղքատության դեմ պայքարով և երկրում կրթության զարգացմամբ:
Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Հիշեցնենք, որ Ղոնիմը հայտնի էր դարձել Եգիպտոսի հունվար-փետրվար ամիսների հեղափոխական շարժման ընթացքում, երբ իր ընկերների հետ կազմակերպեց և առաջնորդեց հեղափոխական շարժումը երկրում:
Twitter սոցիալական ցանցում Ղոնիմի հեռանալը մեկնաբանել են շատերը. «Ես չեմ պատկերացնում, որ նա կարող է իր կարիերան (Google-ում.- 1in.am) թողնել Եգիպտոսի փոքր ոչ կառավարական կազմակերպությունների համար: Դրան դժվար է հավատալ, սակայն եթե նա ցանկանա դա անել Եգիպտոսի համար, դա ուղղակի գերազանց է»,- ասել է ընդդիմության առաջնորդներից մեկը` Իսրահ Ֆաթահը:









































