Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը վստահ է, որ Իրաքի իշխանությունները չեն պատրաստվում շարունակել ԴԱԻՇ-ի դեմ Ռուսաստանի հետ համագործակցությունը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն ու ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը դրա մասին հայտարարել են ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նիստում անցկացված լսումների ժամանակ։
Քարթերն ընդգծել է,որ նախորդ շաբաթ Իրաքի կառավարությունից վստահեցում է ստացել, որ նա չի համագործակցի Ռուսաստանի հետ, և որ ԱՄՆ-ը նրա համար նախընտրելի գործընկեր է։ Դանֆորդն իր հերթին հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում հանդիպել է Իրաքի կառավարության ներկայացուցիչների հետ, որոնց հայտնել է, որ ԱՄՆ-ը չի կարող օգնել նրանց, եթե նրանք ռուսներին թույլատրեն իրականացնել ռմբակոծություններ։ Նա հավելել է, որ հավաստիացումներ է ստացել, որ Իրաքը չի պատրաստվում շարունակել Ռուսաստանի հետ այդ համագործակցությունը։






































