Ապրիլի 9-իՆ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններին դեպքի վայրում հետևում էր ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ): Հենց նրա աչքի առջև էին մի խումբ ոստիկաններ ծնկով հարվածում Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյան դեմքին ու որովայնին: Ու Հարությունյանն անձամբ է տեսել, թե ինչպես է «արյունլվա» Մարտիրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ գնում դեպի ոստիկանական ավտոմեքենան:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՊՊԾ ղեկավարից պարզել, թե ինչու էր Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը գնացել Բաղրամյան պողոտա: «Ես ընդհանրապես որևէ տեղ պատահաբար չեմ հայտնվում, այդքան բան կարող եմ ասել, և դրանով վերջացնենք: Ես, որտեղ պետք է լինեմ, լինում եմ, երբեք պատահական ոչինչ չի լինում»,-«Ժողովուրդ»-ին պարզաբանեց Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչու հենց Բաղրամյանում եղավ «ոչ պատահական» անհրաժեշտությունը:








































