Welt am Sonntag-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը թաքցրել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները խստապես դատապարտող զեկույցը։ Այդ փաստաթղթի հրապարակումը ծրագրված է միայն Թուրքիայի ընտրություններից հետո՝ իշխող կուսակցությանը չխանգարելու համար։
Զեկույցում խստապես քննադատվում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)։ Այն պետք է հրապարակվեր նախորդ շաբաթ, սակայն ըստ ամենայնի կհրապարակվի միայն հաջորդ շաբաթվա սկզբին՝ ԱԶԿ-ի նախընտրական պայքարին չխոչընդոտելու համար։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Թուրքիայում զգալի հետընթաց է գրանցվել խոսքի ազատության և ազատ հանրահավաքների ոլորտում, երկրում քաղաքական ակտիվիստներն ու լրագրողները ենթարկվում են ահաբեկումների, սահմանափակված են նրանց հիմնական իրավունքները՝ «անհամաչափ ուժի կիրառման» պատճառով։
Փաստաթղթում նաև նշված է, որ Թուրքիայում բավականաչափ պաշտպանված չեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները։
Զեկույցի հեղինակները Թուրքիային կոչ են անում վերադարձ կատարել քրդերի հետ խաղաղության գործընթացին և վճռական քայլեր կատարել երկրի տարածքում իսլամական ահաբեկիչների դեմ պայքարում։ Քննադատներն Անկարայի կառավարությանը մեղադրում են նաև, որ նա բավականաչափ վճռականությամբ չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ։









































